ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հացը Աստծո տված սուրբն է

Հացը Աստծո տված սուրբն է
24.10.2024 | 21:41

Ֆրունզ, ես ու դու երբեք խռով չենք եղել, բայց իրարից նեղացած կանք: Դե, դերասան ենք, միշտ սրված զգացողություններով, եթե մեկը պատահմամբ մեզ մեր ուզածով չի բարևում, ասում ենք՝ ըհը, էստեղ մի բան կա: Բայց սրանք պուճուր բաներ են, կյանքի բաներ են, կլինեն, կանցնեն, եթե ուզենանք՝ կանցնեն: Մեր սխալի ու մեր վատի հերն էլ անիծած: Եթե ուզենանք, ուրիշ բաներ կմտաբերենք: Զորօրինակ, որ իրար հետ հաց ենք կերել, որ սուփրա-սեղան ենք նստել, որ լավ կերակուր ունենալիս իրար փնտրել ենք, ամաչել ենք մենակ ուտել, որ Սանամը քեզ շատ սիրելուց մեզ էլ է սիրել, մայրական օրհնությամբ մեր առաջն էլ է մի աման ճաշ դրել: Քո Սանամը…

ԸՆԿԵՐ… ԸՆԴԿԵՐ: Հայն ուզում է ասել՝ հացդ մենակ չուտես, և ում հետ հաց ես կերել՝ քո ընկերն է, որովհետև հացը Աստծո տված սուրբն է, էն սուրբ է, որ մեզ մարդ է պահում… Հեյ գիտի հայ, մեր պապերն ինչքան բան են իմացել…

***

«Արդեն թարոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու` Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ` մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համարստանում էինք տասը ռուբլի: Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի: Թատրոնի այգում հեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշո՞ւմ ես Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն… Խոսելը երկարացնում էր մեր արևածաղիկ չրթելը, և դա, կարծեմ, մեր կախարդական օրերից էր…

Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քոհոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսոս չե՞ս` մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, անկաղապար արվեստի տեր` ինքդ ինչու ես կապանում: Թող ծառս լինի ձիդ, խրխնջա զրնգուն… Մրցանակներ շահես ազգիդ համար:

Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի` բարձունքներին սովոր մարդ…

Տարիներ անցան… նկարահանվում ենք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում: Փառքի մեջ լողում էր Մհերն արդեն, նույնիսկ մեքենա ուներ արդեն: Գնում էինք Իջևանի սարերը` մեր կիսատ գործին: Սևանի խորտկարաններից մեկի առաջ կանգ առավ:

– Հերն էլ անիծած նկարահանումների, իջիր:

– Ֆրունզ, Հենրիկը սպասում է…

– Հենրիկը կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր…

Մհերը հաստատ քայլերով մտավ ներս, թագավորական տեղ ընտրեց, ձեռքի թագավորական շարժումով մատուցողին հրավիրեց. Սա հալվեց երջանկությունից ու սկսեց թվել ճաշատեսակները…

– Բեր… մի խոսքով` ինչ որ լավ բան ունես, բեր:

– Ի՞նչ ենք անում, երկուսով այսքանն ինչ ենք անելու:

– Քու բանը չի, դու սուս… էն սեմուչկեն հիշում ես… Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել…

Խորովածը, խավիարը, իշխանը կերանք- խմեցինք իշխանավարի, հին ու նորով, ապագայով համեմեցինք մերխոսքն ու զրույցը, հիշեցինք նրա ծնողներին, տխրեցինք հազար անգամ…»:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

Այսօր հայ անվանի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 24682

Մեկնաբանություններ